«Նկարիչը և նրա մայրը». Արփիիկ

Հեղինակ - admin

1904 թվականի ապրիլի 15-ին է ծնվել ամերիկահայ նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը , ով հայտնի դարձավ Արշիլ Գորկի անունով։ Նա մեծ մշակութային ժառանգություն է թողել, սակայն մենք այսօր կխոսենք Գորկու ամենանշանավոր և յուրահատուկ կտավներից մեկի մասին ։
Ի՞սկ դուք տեսել եք Գորկու «Նկարիչը և նրա մայրը» կտավը։

Այս ստեղծագործությունը, որը նկարիչը ստեղծել է 1926 թվականին, հիմնված է 1912 թվականին Վանում արված իր և մոր լուսանկարի վրա։ Այն ունի երկու տարբերակ , ինչը վկայում է այն մասին, որ նկարիչը երկար և մանրակրկիտ աշխատանք է տարել դրա վրա։ Նկարի առեղծվածներից մեկը մոր`թաքցրած ձեռքերն են, որոնք նկարին անավարտության տեսք են տալիս, սակայն դրանով նկարիչը կարծես փորձել է թաքցնել այն ամբողջ ցավն ու տանջանքը , որ ցեղասպանության տարիներին տեսել են գաղթի ճանապարհին։

Նկարում մոր վստահ հայացքի կողքին մենք տեսնում ենք փոքր-ինչ վախեցած որդու անորոշ հայացքը։ Սակայն, եթե նայում ենք լուսանկարին, ապա տեսնում ենք ակնհայտ տարբերություն տղայի հայացքներում ։ 1912 թվականին Ոստանիկը դեռ չէր պատկերացնում, թե ինչ արհավիրք է սպասվում իր ընտանիքին և ազգին, դրա համար էլ մեղմ ժպտում է։ Ցեղասպանությունն Ապագա հանճարեղ նկարչին ստիպեց հեռանալ իր հայրենիքից , ու չնայած ԱՄՆ-ում նա մեծ հռչակ ձեռք բերեց , բայց երբեք չմոռացավ իր ծագման մասին։
«Մի օր ես հայրենիք կվերադառնամ, սակայն միայն այն ժամանակ, երբ ամուր կանգնած կլինեմ ոտքերիս վրա, որպեսզի փառաբանեմ հայրենիքս»։

Արշիլ Գորկի (Ոստանիկ Ադոյան)
#Արփիիկ #փոքրիկ_արփիիկ
#Arpiik #poqrik_arpiik

Նյութի հեղինակ` Արփինե Ղազարյան` «ԱՐՓԻԻԿ»

Այլ Գրառումներ