«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները

Հեղինակ - admin

«Հայաստան» դաշինքը որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը: Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքը, որում ասված է.

«Հայրենակիցնե՛ր

Սահմանադրական դատարանը, հուլիսի 17-ի իր որոշմամբ, Հայաստանում անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքն անվավեր չճանաչեց։ Անտեսելով վարչական ռեսուրսի օգտագործման, Սահմանադրության և օրենքների խախտման ու կեղծիքների բազմաթիվ փաստերը, տեղի տալով իշխող քաղաքական խմբակի ճնշումներին՝ Բարձրագույն դատարանը հրաժարվեց Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունից։

Արդյունքում՝ երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունը ոչ միայն չօգտագործվեց, այլև ճգնաժամն ավելի խորացավ՝ վտանգելով Հայաստանի պետականության գոյությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։

Այս պայմաններում «Հայաստան» դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը:

Մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը մեր ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում։

Պայքարը շարունակվում է։

«Հայաստան» դաշինք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները համարել էր վավեր: Արդյունքները վիճարկում էին 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերում էին նույն հարցին։

Այլ Գրառումներ